LTG
ԲԼՈԳ
Բարձրաքաշի Սուրբ Գրիգորի վանք - զմրուխտե անտառների գեղեցկուհին
Հայաստանը նմանը չունեցող դրախտային աշխարհ է որտեղ բնությունն ամենաշքեղ ու յուրօրինակ ձևով է ստեղծագործել։ Մեր երկրի ամենայուրահատուկ անկյուններից՝ չնաշխարհիկ Դսեղից մոտ երկու կիլոմետր հեռու՝ թավ անտառների սրտում է թաքնված հայկական միջնադարյան ճարտարապետության յուրօրինակ գանձերից մեկը՝ Բարձրաքաշը։ Մարցագետի կիրճի ձախ ափին՝ ձորի եզրի ապառաժին տեղադրված ցուցանակն ազդարարում է՝ Բարձրաքաշ Սբ. Գրիգոր (X-XIII դդ): Դեպի վանք տանող ճանապարհին՝ ձորալանջի անտառում, հանդիպում են հիմնականում կոտրված, մամռակալած, բայց նաև ամբողջական ու կանգուն խաչքարեր՝ հոյակերտ զարդանախշերով, քանդակներով ու միջնադարյան արձանագրություններով: Վանք հասնելու համար անտառային աննկարագրելի գեղատեսիլ ու խորհրդավոր արահետով անհրաժեշտ է քայլել մոտ 20-30 րոպե: Այս վանական համալիրը՝ նվիրված է հայ առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգորին։
Ներկայումս կիսավեր վիճակում գտնվող վանական համալիրը կազմում են երկու եկեղեցիները, գավիթը, մատուռները և Մամիկոնյանների իշխանական տոհմի գերեզմանոցը։ Սպիտակ երանգի համար անվանվել է նաև §Ճերմակ վանք¦։ Անցյալի տեղեկագիրներից մեկը այն նմանեցնում է §Կանաչ մահճում պառկած, ժպիտը դեմքին ջահել ու գեղեցիկ ննջեցյալի¦: Միջնադարում Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը Հայաստանի հոգևոր և կրթական օջախներից մեկն էր: Այստեղ կրթություն էին ստանում Մամիկոնյանների իշխանական տոհմի ներկայացուցիները, իսկ հոգևորականները զբաղվում էին գիտական աշխատանքով: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից, գավթից, մատուռից, Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցից, ձիթհանից և դեպի վանական համալիր տանող կածանի ճանապարհին գտնվող խաչքարերից ու բնական աղբյուրից։ Վերջինս հայտնի է նաև «Գիքորի աղբյուր» անվամբ՝ համաձայն «Գիքոր» ֆիլմում աղբյուրից ջուր խմելու տեսարանի: Ըստ հարավային պատի ստորին մասի 1221 թ. արձանագրության՝ Բարձրաքաշ վանքի կառուցումը Համազասպ Մամիկոնյանի թոռ և Սարգսի որդի Մարզպանը սկսել է Թամարի որդի Գիորգիի թագավորության և Իվանե Զաքարյանի օրոք: Ս. Գրիգոր եկեղեցին համալիրի պահպանված հուշարձաններից հնագույնն էորը թվագրվում է մոտավորապես X դ.: Պահպանվել են 3-4 մ բարձրությամբ պատերը:
Ս. Աստվածածին եկեղեցին համալիրի գլխավոր եկեղեցին է: Հյուսիսից կից է Ս. Գրիգոր միանավ եկեղեցուն: Գմբեթավոր բազիլիկ տիպի հուշարձան է: Աղոթասրահը եռանավ է` արևելյան կողմում հնգանիստ խորանով: Կառուցված է դեղնավարդագույն ֆելզիտի սրբատաշ քարերով: Գավիթ (Ս. Աստվածածին եկեղեցու) քառասյուն գմբեթավոր տիպի է: Ի տարբերություն հայկական ավանդական գավիթների, եկեղեցուն կից է ոչ թե արևմուտքից, այլ` հարավից: Գավիթների ավանդական տիպից շեղում է նաև շինության արևելյան կողմում խորանի առկայությունը: Խորանի արտաքին ճակատին պատկերված է Մամիկոնյան իշխանական տոհմանշանը` մագիլներում գառ բռնած երկգլխանի արծիվ: Հարուստ է արձանագրություններով, որոնցում հիշատակված են նաև գավթի կառուցմանը մասնակցած անձանց անունները: Ըստ այդ արձանագրությունների`գավթի կառուցումը ավարտվել է 1247 թ.: Հարդարված է բարձրարվեստ նրբագեղ զարդաքանդակներով: Ուշագրավ է արևմտյան շքամուտքի բարավորը, որը զարդարված է հնգաթև աստղանախշերով: Վանքի տեղանքը նստվածք ունի ինչի պատճառով էլ այժմ Բարձրաքաշ Սբ. Գրիգորը քարուքանդ է, պատերը՝ թեքված տարբեր կողմեր: Բարձրաքաշին նայելիս տպավորություն է ստեղծվում, թե կանգուն հատվածները ևս ամեն պահի պատրաստ են խոնարհվելու: