LTG
ԲԼՈԳ
Օձունի Սուրբ Աստվածածին՝ ժողովրդի հոգևոր ուժը
Մարդը մշտապես հենարանի կարիք է զգում. աշխարհի բոլոր կրոնները և ուսմունքները փորձում են մարդուն տալ այդ հենարանը, որի վրա մարդը պիտի կառուցի իր հոգևոր կյանքը: Եկեղեցին մեր ժողովրդի հոգևոր ուժն է: Հայկական եկեղեցիներում հենց այնպես՝ զուտ գեղեցկության կամ հարմարավետության համար, ոչինչ չի կառուցվում․ ամեն ինչ իմաստ ունի, ամեն ինչի հետևում որոշակի խորհրդանիշներ կան։ Օձունի եկեղեցին գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է, որը գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղի կենտրոնում:
Այն վաղ միջնադարյան եզակի շինություններից է, որն ամբողջությամբ պահպանել է իր արտաքին տեսքը: Օձունի վանքը կառուցվել է 303-313 թվականներին՝ Տրդատ 3-րդ թագավորի օրոք և օրհնել է Գրիգոր Լուսավորչի կողմից: Այն մի քանի անգամ վերանորոգվել է, սակայն գմբեթը չի փոխվել կառուցումից ի վեր։ Վանքի կողքին կանգնած է մի եզակի մահարձան՝ կառուցված 5-6-րդ դարերում։ Մահարձանն իրենից ներկայացնում է աստիճաններին տեղադրված կրկնակի կամար, որի որմնախորշերում քանդակներով պատված սյուներ են։ Սյուների վրա պատկերված են քրիստոնեության տարածումը պատկերող տեսարաններ: Այս հուշարձանը վաղ հայկական կրոնական արվեստի ուշագրավ նմուշներից է: Օձունի եկեղեցու շուրջը հին գերեզմանոց է և բազմաթիվ խաչքարեր, որոնք թվագրվում են 13-20-րդ դարերով: Եկեղեցին կառուցված է բաց շագանակագույն ֆելզիտ քարով, որն արևի ճառագայթներից փայլում է տարբեր նրբերանգներով։ Ըստ Վարդան Արևելցու անվան ծագումը կապվում է «օծուն», «օծել» բառերի հետ կամ «օձ ունի» արտահայտության հետ։ Ավանդությունն ասում է, որ 1-ին դարում ներկայիս վանքի տեղում Թովմաս առաքյալը օծել է քահանաներ և եպիսկոպոսներ։ Հենց «օծել» բառի հետ է կապված վանքի Օձուն անվանումը։ Եկեղեցին ունի նաև այլ անվանումներ։ Այն անվանվել է Սուրբ Նշան, Սուրբ Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ, որը կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ։
Վանքի պատմությունը Ավանդությունն ասում է, որ Թովմաս առաքյալը իր հետ Օձուն է բերել Քրիստոսի բարուրաշորը և այն ամփոփել այստեղ։ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Երրորդ թագավորը այդ նույն վայրում կառուցում են բազիլիկ եկեղեցի։ Ասում են, որ բարուրաշորը թաղված է Սբ․ Աստվածածնի խորանի տակ։ Արդեն 8-րդ դարում, հայոց կաթողիկոս Հովհաննես Օձնեցին վերակառուցում է եկեղեցին և այն ստանում է իր ներկայիս տեսքը։ Եկեղեցու մասին շատ հետաքրքիր փաստեր են հայտնի։ Վաղ միջնադարում գրել-կարդալ են սովորեցրել ոչ միայն տղաներին, այլ նաև աղջիկներին: Ուշ միջնադարում մահմեդական արշավանքների ժամանակ հայերն ինչպես կարողացել են՝ պաշտպանել են իրենց եկեղեցիները։ Այսպես, որոշ քանդակների վրա Հիսուսի աչքերը նեղ են պատկերել, որպեսզի նա նման լինի թաթար-մոնղոլներին, մյուսում պատկերված է մահմեդական կիսալուսին։ Ցեղերը, տեսնելով իրենց համար սուրբ խորհրդանիշները, ձեռք չեն տվել եկեղեցուն և առաջ են անցել։ Օձունի եկեղեցի հետնապատին կարելի է տեսնել հայկական եկեղեցու համար արտառոց բան՝ կիսալուսին՝ խաչի վրա։ Կարելի է ենթադրել, որ ժամանակակից օձունցիների նախնիները փորձել են այդ կերպ փրկել եկեղեցին, բայց պարզվում է, որ այդ մահիկի հետևում այլ պատմություն կա։ Օձունի եկեղեցին սկսել են կառուցել 5-րդ դարում, գործն ավարտին հասցրել 8-րդ դարում։ Հայաստանում քրիստոնեական ճանապարհի սկզբում եկեղեցիներ են կառուցել հեթանոսական տաճարների տեղերում․ առաջին հերթին՝ ընտրված հեթանոսական տարածքները սրբազան են համարել, երկրորդ՝ ժողովուրդը սովոր է եղել այցելել այդ վայրեր։ Ամենայն հավանականությամբ, Օձունի եկեղեցու տեղում տաճար է եղել՝ նվիրված արևի աստված Միհրին։ Հեթանոս հայերը պատկերել են արևը լուսնի հետ՝ արտացոլելու համար ցերեկը և գիշերը։
Բարձրաքաշի Սուրբ Գրիգորի Վանք - Զմրուխտե Անտառների Գեղեցկուհին
Հայաստանը նմանը չունեցող դրախտային աշխարհ է որտեղ բնությունն ամենաշքեղ ու յուրօրինակ ձևով է ստեղծագործել։ Մեր երկրի ամենայուրահատուկ անկյուններից՝ չնաշխարհիկ Դսեղից մոտ երկու կիլոմետր հեռու՝ թավ անտառների սրտում է թաքնված հայկական միջնադարյան ճարտարապետության յուրօրինակ գանձերից մեկը՝ Բարձրաքաշը։ Մարցագետի կիրճի ձախ ափին՝ ձորի եզրի ապառաժին տեղադրված ցուցանակն ազդարարում է՝ Բարձրաքաշ Սբ. Գրիգոր (X-XIII դդ): Դեպի վանք տանող ճանապարհին՝ ձորալանջի անտառում, հանդիպում են հիմնականում կոտրված, մամռակալած, բայց նաև ամբողջական ու կանգուն խաչքարեր՝ հոյակերտ զարդանախշերով, քանդակներով ու միջնադարյան արձանագրություններով: Վանք հասնելու համար անտառային աննկարագրելի գեղատեսիլ ու խորհրդավոր արահետով անհրաժեշտ է քայլել մոտ 20-30 րոպե: Այս վանական համալիրը՝ նվիրված է հայ առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգորին։
Ներկայումս կիսավեր վիճակում գտնվող վանական համալիրը կազմում են երկու եկեղեցիները, գավիթը, մատուռները և Մամիկոնյանների իշխանական տոհմի գերեզմանոցը։ Սպիտակ երանգի համար անվանվել է նաև §Ճերմակ վանք¦։ Անցյալի տեղեկագիրներից մեկը այն նմանեցնում է §Կանաչ մահճում պառկած, ժպիտը դեմքին ջահել ու գեղեցիկ ննջեցյալի¦: Միջնադարում Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը Հայաստանի հոգևոր և կրթական օջախներից մեկն էր: Այստեղ կրթություն էին ստանում Մամիկոնյանների իշխանական տոհմի ներկայացուցիները, իսկ հոգևորականները զբաղվում էին գիտական աշխատանքով: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից, գավթից, մատուռից, Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցից, ձիթհանից և դեպի վանական համալիր տանող կածանի ճանապարհին գտնվող խաչքարերից ու բնական աղբյուրից։ Վերջինս հայտնի է նաև «Գիքորի աղբյուր» անվամբ՝ համաձայն «Գիքոր» ֆիլմում աղբյուրից ջուր խմելու տեսարանի: Ըստ հարավային պատի ստորին մասի 1221 թ. արձանագրության՝ Բարձրաքաշ վանքի կառուցումը Համազասպ Մամիկոնյանի թոռ և Սարգսի որդի Մարզպանը սկսել է Թամարի որդի Գիորգիի թագավորության և Իվանե Զաքարյանի օրոք: Ս. Գրիգոր եկեղեցին համալիրի պահպանված հուշարձաններից հնագույնն էորը թվագրվում է մոտավորապես X դ.: Պահպանվել են 3-4 մ բարձրությամբ պատերը:
Ս. Աստվածածին եկեղեցին համալիրի գլխավոր եկեղեցին է: Հյուսիսից կից է Ս. Գրիգոր միանավ եկեղեցուն: Գմբեթավոր բազիլիկ տիպի հուշարձան է: Աղոթասրահը եռանավ է` արևելյան կողմում հնգանիստ խորանով: Կառուցված է դեղնավարդագույն ֆելզիտի սրբատաշ քարերով: Գավիթ (Ս. Աստվածածին եկեղեցու) քառասյուն գմբեթավոր տիպի է: Ի տարբերություն հայկական ավանդական գավիթների, եկեղեցուն կից է ոչ թե արևմուտքից, այլ` հարավից: Գավիթների ավանդական տիպից շեղում է նաև շինության արևելյան կողմում խորանի առկայությունը: Խորանի արտաքին ճակատին պատկերված է Մամիկոնյան իշխանական տոհմանշանը` մագիլներում գառ բռնած երկգլխանի արծիվ: Հարուստ է արձանագրություններով, որոնցում հիշատակված են նաև գավթի կառուցմանը մասնակցած անձանց անունները: Ըստ այդ արձանագրությունների`գավթի կառուցումը ավարտվել է 1247 թ.: Հարդարված է բարձրարվեստ նրբագեղ զարդաքանդակներով: Ուշագրավ է արևմտյան շքամուտքի բարավորը, որը զարդարված է հնգաթև աստղանախշերով: Վանքի տեղանքը նստվածք ունի ինչի պատճառով էլ այժմ Բարձրաքաշ Սբ. Գրիգորը քարուքանդ է, պատերը՝ թեքված տարբեր կողմեր: Բարձրաքաշին նայելիս տպավորություն է ստեղծվում, թե կանգուն հատվածները ևս ամեն պահի պատրաստ են խոնարհվելու: